Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Միասնական Հայաստանի տեսիլքով

Միասնական Հայաստանի տեսիլքով
03.09.2024 | 07:03

Դեռ մեկ տարի առաջ երկիր ու հանրապետություն էինք, հայրենիքում ապրող ու մաքառող ժողովուրդ՝ արցախահայություն:

Մեծ դավադրության, մատնության ու անարդարության զոհը դարձանք: Հիմա ընկճված ու հուսաբեկված, բռնատեղահանված ու տանջահարվող ժողովուրդ ենք՝ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում ծվարած, մեծամասամբ՝ դեպի դուրս ուղղված հայացքով: Արցախահայությունը ցիրուցանվում է, իսկ մեզնից փոքր-ինչ հեռու, անհասանելի դարձած մեր անկենդան հայրենիքն է, ուր մնացել են մեր սուրբ ննջեցյալները:

Այո, հիմա նրանք են հսկում մեր բարձիթողի երկիրը, և թշնամին այնտեղ հապճեպ իր դիվային ջնջումներն ու սրբագրումներն է անում:

Մեր ննջեցյալները մեզ տուն են կանչում: Պիտի գնանք՝ զենքով լինի, թե խաղաղ եղանակով: Բայց մենք լավ գիտենք, թե ինչպես են լինում նման վերադարձները:

Մենք կարող ենք և պարտավոր ենք այդ վերադարձը իրականություն դարձնել: Այնպես, որ այլևս, թեկուզ և խորհրդանշական կարգով, չլինի առանձին Արցախի Հանրապետություն, այլ լինի միասնական Հայաստան իր Արցախով:

Մեր հիշողությունն ու նվիրական ապրումներն առ Արցախ զորացնենք հիմա, որ տունդարձի համար հզոր կռվաններ ունենանք: Որ տեսանելի ապագայում տոնենք Արցախի միավորումը Հայաստանի հետ:

Եվ այդ օրը հետագայում մշտապես նշվի որպես ամենակենսունակ և գործող տոնական օր:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 11266

Մեկնաբանություններ